Ֆրանսիայի Շատորու քաղաքում ընթանում է հրաձգության վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Հայաստանը ներկայացնում են Հովհաննես Մարգարյանը, Լիլիթ Մկրտչյանը, Արուսյակ Գրիգորյանը, Գոռ Խաչատրյանը, Ռաֆայել Մնացականյանը, Գոհար Հարությունյանը:
Օգոստոսի 7-8-ը հրաձիգները մրցել են 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց վարժությունում: Հովհաննես Մարգարյանը 562 միավոր խոցելով՝ զբաղեցրել է 12-րդ տեղը, Լիլիթ Մկրտչյանը խոցել է 555 միավոր և եզրափակիչ փուլում է. նա գրավել է 3-րդ տեղը: Արուսյակ Գրիգորյանը 545 միավոր խոցելով՝ 8-րդ տեղում է:
Գոռ Խաչատրյան խոցել է 573 միավոր և եզրափակիչ փուլում է 4-րդ տեղ արդյունքով: Ռաֆայել Մնացականյանը՝ 9-րդն է, Գոհար Հարությունյանը 553 միավոր խոցելով ևս հայտնվել է եզրափակիչ փուլում՝ համապատասխանաբար 3-րդ տեղում:
Լիլիթ Մկրտչյանը մեծահասակների պայքարի որակավորման փուլում, խոցելով 555 միավոր, 3-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ, հաղթելով Քաթարի ներկայացուցչին 6:0 հաշվով, դարձել է բրոնզե մեդալակիր: Գոհար Հարությունյանը երիտասարդների պայքարում 553 միավորով 2-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 6:1 հաշվով վստահ հաղթանակ է տոնել ուկրաինացի մրցակցի նկատմամբ՝ նվաճելով բրոնզե մեդալ:
Գոռ Խաչատրյանը երիտասարդների պայքարում ցույց տալով փայլուն արդյունք՝ 573 միավոր, 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ դիրքերը զիջելով՝ վերջնարդյունքում գրավել է 4-րդ հորիզոնականը: