Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Ֆաբիո Ֆոնինիի հետ US Open-ի 2-րդ շրջանի հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է Championat.com-ը։
Չորրորդ սեթում Նադալը փորձել է հարվածել գնդակին, ռակետը դիպել է կորտին և Ռաֆայելի քթին անդրադարձ հարված կատարել։ Մարզիկը բժիշկ է կանչել, որն էլ դադարեցրել է արյունահոսությունը և վիրակապել քիթը։
Չնայած վնասվածքին, Ռաֆայել Նադալը հաղթել է չորս սեթում՝ 2:6, 6:4, 6:2, 6:1 հաշվով և դուրս եկել հաջորդ փուլ։
Հանդիպումից հետո «Հողածածկ կորտերի արքան» մեկնաբանել է միջադեպը։
«Հարվածն ուժեղ էր, դա շոկ է: Ինչ-որ չափով դրան արժանի էի՝ այդքան վատ խաղի համար (ծիծաղում է)»,- ասել է Նադալը։
ԱՄՆ-ի բաց առաջնության հաջորդ փուլում Նադալի մրցակիցը կլինի ֆրանսիացի թենիսիստ Ռիշար Գասկեն։