Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների պատանեկան առաջնությունում տոնել է 9-րդ հաղթանակը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մկրտչյանը 9-րդ տուրում սպիտակներով 41–րդ քայլին պարտության է մատնել հնդիկ շախմատիստուհի Կանիշկային, որը 6,5 միավորով ընթանում էր 2-րդ տեղում: Մկրտչյանն ունի 100 տոկոսանոց արդյունք՝ 9 խաղ, 9 միավոր, և Աշխարհի չեմպիոն դառնալու համար նրան հարկավոր է 10-րդ տուրում նվազագույնը ոչ-ոքի խաղալ լեհ Մարտինա Վիկարի հետ:
Առաջնությունում խաղարկվող մեդալներին է հավակնում նաև Էմին Օհանյանը, որը սպիտակներով հաղթել է ռումինացի Անդրեյ Ֆիլիպինին: Էմին Օհանյանը 7,5 միավորով հնդիկ Պրանավ Անանդի հետ գլխավորում է մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարի աղյուսակը:
Այսօր կկայանան առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրի մրցախաղերը: