Ռումինիայի Մամայա քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ ՀՀ հավաքականի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը դարձավ մինչև 18 տարեկան աղջիկների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության հաղթող: Այս մասին տեղեկանում ենք Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի Twitter-յան էջից։
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Մարիամ Մկրտչյանը սև խաղաքարերով մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Մարտինա Վիկարի հետ և հաղթանակ տարել՝ ժամանակից շուտ ապահովելով աշխարհի չեմպիոնի կոչումը:
«Մարիամ Մկրտչյանը 10 տուրերում էլ հաղթել է և 10 միավոր ունի իր ակտիվում: Առաջնության ավարտին 1 տուր է մնացել»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Հայաստանը մրցաշարին ներկայացված է 12 շախմատիստով, որոնք հանդես են գալիս մինչև 14, մինչև 16 և մինչև 18 տարեկանների խմբերում:
Աշխարհի պատանեկան առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 17-ին: