Հիմնական նպատակս «Փարիզ 2024»-ն է։ Այս մասին ասել է Եվրոպայի նորընծա չեմպիոն, բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը՝ Ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում։ Նա խոսել է չեմպիոնական զգացողություններից, անցած ճանապարհից և նպատակներից։
«Նախապատրաստական շատ լավ փուլ էի անցել, անցկացրել էիք երեք ուսումնամարզական հավաք։ Այս տարվա աշխարհի առաջնությունից հետո շատ դասեր եմ քաղել` ձեռքիցս բաց թողնելով այդ մեդալը։ Կարող էի է՛լ ավելին անել, իսկ այստեղ արդեն վերադարձրեցի այն ամենը, ինչը կորցրել էի նախորդ մրցաշարում»,- ասել է նա։
Անի Հովսեփյանի խոսքով՝ եզրափակչում իռլանդացի բռնցքամարտիկը նվեր չէր ու բավականին բարդ մրցակից էր, սակայն ռինգում հաղթելու իր ցանկությունն ավելի մեծ էր։
«Եվրոպայի առաջնությունն արդեն պատմություն է։ Պետք է է՛լ ավելի լավ պատրաստվել ու զարգացնել այն հաջողությունը, որն ունեմ հիմա։ Հիմնականում իմ պլաններն ու նպատակները կապված են «Փարիզ 2024»-ի հետ։ Հուսով եմ, որ կլինեմ Օլիմպիական հավաքականում ու ինչու ոչ՝ նաև գլխավոր հավակնորդներից մեկն Օլիմպիական խաղերում»,- նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական սպորտի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը չեմպիոնական տիտղոս է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում։ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում հայ մարզուհիներից փայլուն հաղթանակ էր տարել Անի Հովսեփյանը։