Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Սոչիում հոկտեմբերի 29-ին կայացած Ռուսաստանի Գրան պրիի փուլում կարճ ծրագրի արդյունքներով զբաղեցրել է առաջին տեղը, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը:
Նշվում է, որ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էթերի Թութբերիձեի սանն իր իր հաշվում վաստակել է 78,92 միավոր և առաջատարն է կարճ ծրագրից հետո: Գեղասահորդն իր կարիերայում առաջին անգամ եռակի ակսել է կատարել, ճշտում է պարբերականը։
Ադելիա Պետրոսյանը ծնվել է 2007 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում։ Աղջկա հայրը՝ Տիգրանը, ազգությամբ հայ է, իսկ մայրը՝ ռուս։ Ծնողները դստերը սահադաշտ են բերել, երբ նա 4 տարեկան էր։
2022 թվականի Ռուսաստանի առաջնությունում, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում 2021 թվականի դեկտեմբերին, Ադելիան կենսագրության մեջ ակնառու նվաճում է ցույց տվել. կամայական ծրագրում նա կատարել է երկու մաքուր քառակի ռիտբերգեր, ընդ որում՝ մեկը կասկադային ձևով։