«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ իր ակումբը «հնացել է» մի շարք առումներով։ Այս մասին հայտնում է soccer.ru-ն։
«Անկեղծ ասած, երբ տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ», կարծում էի, որ 13 տարում ամեն ինչ փոխվել է։ «Ռեալում» խաղացել եմ ինը տարի, իսկ «Յուվենտուսում»՝ երեք տարի։ Ինձ թվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կունենա առաջադեմ տեխնոլոգիաներ, ենթակառուցվածքներ և այլն։ Բայց իրերի իրական վիճակը ինձ տհաճորեն զարմացրեց։ Ես հասկացա, որ ամեն ինչ նույնն է մնացել»,- ասել է ֆուտբոլիստը։
Ռոնալդուի կարծիքով՝ «Մանչեսթեր Յունայթեդում» զարգացում չկա, և ակումբն այլևս առաջվանը չէ։
«Եթե համեմատենք «Ռեալի» և «Յուվենթուսի» հետ, «Մանչեսթեր Յունայթեդը» հետ է մնում: Իսկ տեխնոլոգիաները, հատկապես մարզումային գործընթացում, սնուցումը, ճիշտ վերականգնվելու պայմաններն ուղղակի զարմացրեցին ինձ»,- ասել է նա։
Հարձակվողը շեշտել է, որ այս մակարդակի ակումբը պետք է առաջատար լիներ, բայց, ցավոք, այդպես չէ։
«Մանչեսթեր Յունայթեդը» չի համապատասխանում համաշխարհային ակումբների մակարդակին, բայց հուսով եմ, որ առաջիկա տարիներին ամեն ինչ կփոխվի։ Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում, բայց սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո ես առաջընթաց չեմ նկատել»,- եզրափակել է նա։