Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը հայտնել է, որ իր հաճախորդը կարող է ստանալ Հայաստանի քաղաքացիություն։ Այս մասին նա ասել է Championship.com-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ Զախարյանը հայկական անձնագիր է ստացել Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու համար։
Անդրեևն ընդգծել է, որ Զախարյանը երբեք խնդիրներ չի ունեցել իր ՌԴ քաղաքացիության պատճառով։
«Ճի՞շտ է, որ Արսենն ուզում է Հայաստանի անձնագիր ստանալ, որպեսզի հեշտացնի Եվրոպա մեկնելը։ Ռուսական անձնագրի հետ կապված խնդիր երբևէ չի առաջացել որևէ ակումբի հետ բանակցություններում։ Ինչ վերաբերում է անձնագրին, ապա, անկեղծ ասած, այս թեմայով մենք նրա հետ չենք խոսել։ Ես գիտեմ, որ նրա ծնողները հայ են, և որքան գիտեմ, նա կարող է հայկական անձնագիր ստանալ»,- ասել է նա։
Այնուամենայնիվ, եթե խաղացողը գնա այս քայլին, դա չի լինի «Չելսի» տեղափոխությունը դյուրին դարձնելու նպատակով:
«Ամեն դեպքում, իմ կարծիքով, ցանկացած երկրի, այդ թվում՝ Հայաստանի անձնագիր ստանալը գիտակցված արարք է։ Շատ կարևոր է յուրաքանչյուրի կյանքում: Իհարկե, դա չպետք է արվի րոպեական շահի համար»,- ասել է գործակալը:
Անդրեևը նաև հերքել է մամուլում հայտնված վերջին լուրերը, թե հայկական բանկը ներգրավված է լինելու Զախարյանի «Դինամոյից» «Չելսի» տեղափոխելու համար միջոցներ փոխանցելու հարցում:
»Ոչ, դա ճիշտ չէ: Հայկական բանկերն այս պատմության հետ որևէ կապ չունեն»,- գործակալի խոսքերն է մեջբերում Championship.com-ը։
Ավելի վաղ Sports.ru-ի լրագրող Կիրիլ Բելսկին, հղում անելով Զախարյանին մոտ կանգնած աղբյուրին, հայտնել էր, որ դեկտեմբերին ֆուտբոլիստը կուղևորվի Երևան՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու՝ Մեծ Բրիտանիայում աշխատանքի թույլտվություն ստանալու և Եվրոպայով ազատ տեղաշարժը հեշտացնելու համար։
Նա հայտարարել է, որ «Չելսիից» գումարի փոխանցումը «Դինամո» կիրականացվի հայկական բանկի միջոցով։ Միաժամանակ, Զախարյանը կմնա Ռուսաստանի հավաքականի խաղացող, հավելել է լրագրողը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ այս ամառ «Չելսին» համաձայնել է 12,6 միլիոն ֆունտ վճարել 19-ամյա Զախարյանի համար, սակայն գործարքը ձախողվել է ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից ռուս խաղացողների հետ պայմանագիր կնքելու սահմանափակումների պատճառով: