Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու որոշումը: Այս մասին հայտնում է sportmk.ru-ն:
Ֆուտբոլիստը պատմել է, որ ակումբի հետ բանակցություններից հետո պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու մասին փոխադարձ համաձայնագիր է կնքվել: Նա նշել է, որ, այնուամենայնիվ, «Մանչեսթեր Յունայթեդի» և երկրպագուների հանդեպ իր սերը նույնն է մնացել:
«Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ հիմա նոր մարտահրավեր փնտրելու ժամանակն է։ Թիմին հաջողություն եմ մաղթում մրցաշրջանի մնացած հատվածում և ապագայում»,-Ռոնալդուի խոսքը մեջբերել է լրագրող Մեթ Լոուն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը այսօր հայտարարել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած պայմանագիրը խզելու մասին:
Ավելի վաղ Ռոնալդուն հարցազրույց էր տվել բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին, որում«Մանչեսթեր Յունայթեդին» մեղադրել էր դավաճանության մեջ: Հարձակվողը քննադատել էր ակումբի ղեկավարությանը և մարզչական շտաբին՝ նշելով, որ չի հարգում թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009 թվականներին, 2021 թվականի ամռանը կրկին վերադարձել ակումբ: 37-ամյա պորտուգալացին թիմի կազմում անցկացրել է 346 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 145 գոլ: