Նոյեմբերին Իսպանիայում կայացավ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որում փայլուն հանդես եկավ և չեմպիոնի կոչմանն արժանացավ Եվրոպայի գործող չեմպիոն, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը:
Օրեր անց նորընծա չեմպիոնի ֆեյսբուքյան գրառումը, սակայն, մտորումների տեղիք տվեց: Ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է Էրիկ Իսրայելյանը ցանկանում հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո, Armenia Today-ը փորձեց պարզել բռնցքամարտիկից:
«Հայաստանի բռնցքամարտի պատմության մեջ նման բան չէր եղել, որ նույն տարում դառնաս և’ աշխարհի, և’ Եվրոպայի չեմպիոն: Եվրոպայի առաջնությունում 5 մենամարտերից 4-ն ավարտել եմ նոկաուտով, ճանաչվել եմ լավագույն բռնցքամարտիկ, իսկ աշխարհի առաջնությունում 5 մենամարտից 3-ն եմ ավարտել նոկաուտով: Բարձրացրել եմ Հայաստանի դրոշը, հնչել է Հայաստանի օրհներգը, բոլորին ոտքի եմ կանգնեցրել, սակայն որևէ գնահատանքի, ուշադրության իմ երկրում չեմ արժանացել»,- նշեց նա:
Բոլոր մարզիկներին օդանավակայանում դիմավորում են, մեծարում, իրեն ուշադրության չեն արժանացրել անգամ հեռախոսազանգով` ասում է մարզիկը:
«Բոլոր մարզիկներին օդանավակայանում դիմավորում են, ինձ` ոչ, մինչ այսօր ո’չ բռնցքամարտի ֆեդերացիայից, ո’չ այլ կառույցից զանգ չեմ ստացել: Ես ամեն բան արել եմ իմ հայ ժողովրդի համար, նրանց ուրախացնելու համար»,- ասաց Իսրայելյանը:
Իսրայելյանի խոսքով` մեծ պատասխանատվությամբ է մոտեցել աշխարհի առաջնությանը, ուզում էր ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ հայի ուժն ու հաղթական ոգին:
«Եզրափակչում հաղթել եմ Վրաստանի ներկայացուցչին, մինչ այդ Ասիայի չեմպիոն հնդիկ բռնցքամարտիկին, Գվատեմալայի ներկայացուցչին, մեքսիկացուն, հաղթել եմ Անգլիայի ուժեղագույն ներկայացուցչին, իսկ իմ երկրում չեմ գնահատվում»,- նշեց Էրիկ Իսրայելյանը:
Նա ընդգծեց, որ բռնցքամարտում մարզիկները վնասվածքներից ապահովագրված չեն, վտանգում են իրենց առողջությունը, ուստի արժանի են գոնե նվազագույն ուշադրության և հարգանքի:
«Մարզվում եմ անհատական, հավաքներին չեմ մասնակցել, սակայն դա էական չէ, քանի որ բռնցքամարտիկը պետք է բռնցքամարտիկ լինի, հոգով ուժեղ լինի և ոչ միայն ֆիզիկապես: Ուրախ կլինեի, եթե հավաքականի անդամները ևս հաղթեին»,- նշեց նա:
Armenia Today-ը կապ հաստատեց նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ: Ֆեդերացիայի մամուլի խոսնակ Արամ Մանուկյանն ընդգծեց, որ և’ ինքը, և’ ֆեդերացիայի ներկայացուցիչները եղել են օդանավակայանում:
«Էրիկին, նրա անձնական մարզչին դիմավորել ենք դափնիներով, ֆեդերացիայի էջը չեմպիոն դառնալուց հետո շնորհավորել է նրան: Ինքը պատճառաբանում է, որ ֆեդերացիայի նախագահը ներկա չի եղել, որովհետև Հայաստանում չի եղել: Բայց մենք շատ չեմպիոններ ենք ունեցել, որոնց ֆեդերացիայի նախագահը Հայաստանում չլինելու պատճառով չի դիմավորել»,- ասաց խոսնակը:
Նա ընդգծեց, որ միտում, որպես այդպիսին, չի եղել, ինչ վերաբերում է իրեն չդիմավորելուն, դա իրականությանը չի համապատասխանում:
«Մենք իրեն վերաբերվում ենք որպես մեր չեմպիոնի, որպես լավ մարզիկի, բայց մեզ համար շատ կարևոր է մարզիկի տվյալները, քանի որ որքան էլ բռնցքամարտը մենապայքարային մարզաձև է, կա հավաքական և ամենևին պետք չէ գցել թիմային ոգին»,- ասաց Արամ Մանուկյանը:
Այդուհանդերձ, Էրիկ Իսրայելյանը տրամադրված է վճռական, իր համար հարցը մնում է բաց, և եթե մինչև տարեվերջ իրավիճակ չփոխվի, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնն, իր իսկ խոսքով, արդեն գործնական քայլեր կձեռնարկի: