Հայաստանը ներկայացնող և չեմպիոն դարձած մարզիկներին տրվող միանվագ գումարները կկրկնապատկվեն: Կառավարությունն այս մասին այսօր որոշում ընդունեց:
Գումարների ավելացումը պայմանավորված է սպորտի ոլորտում 2022 թվականին ունեցած վերելքով: 2021 թվականին Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) ՀՀ-ն ներկայացնող մարզիկները նվաճել են 199 մեդալ:
2022 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) ՀՀ-ն ներկայացնող մարզիկները նվաճել են 298 մեդալ, որից 103-ը՝ ոսկե, 69-ը՝ արծաթե և 126-ը՝ բրոնզե:
Աշխարհի չեմպիոն են դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտ մարզաձևում Արթուր Ալեքսանյանը և սպորտային մարմնամարզություն մարզաձևում՝ Արթուր Դավթյանը: Եվրոպայի չեմպիոն են դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտ մարզաձևում Մալխաս Ամոյանը, ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևում՝ Արսեն Հարությունյանը, հրաձգություն մարզաձևում՝ Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Գոռ Խաչատրյանը, բռնցքամարտ մարզաձևում՝ Հովհաննես Բաչկովը և Անի Հովսեփյանը, ծանրամարտ մարզաձևում՝ Դավիթ Հովհաննիսյանը և Ռաֆիկ Հարությունյանը, սամբո մարզաձևում՝ Արսեն Խանջյանը, սպորտային մարմնամարզություն մարզաձևում՝ Հարություն Մերդինյանը:
Ավելացվում է ինչպես մեծահասակների աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և եվրոպական խաղերում առաջին, երկրորդ, երրորդ տեղը գրաված մարզիկների, այնպես էլ ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների և հավաքական թիմերի երկրորդ մարզիչների տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարը:
Մանրամասները՝ տեսանյութում: