Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի՝ 2022 թվականի Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հաղթանակի մասին Instagram-յան հրապարակումը ռեկորդային թվով հավանումներ է հավաքել՝ դառնալով ամենատարածվածը նշված սոցցանցում: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում Sky Sports-ին:
Այս պահին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների լուսանկարներով Մեսսիի հրապարկումն արդեն ավելի քան 61 միլիոն հավանում ունի։ Նախորդ ռեկորդակիրը սովորական ձվի լուսանկար էր՝ սպիտակ ֆոնի վրա: Այն 56,2 մլն «լայք» էր հավաքել։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 11 մետրանոցներով առավելության հասավ Ֆրանսիայի նկատմամբ և երրորդ անգամ նվաճեց տիտղոսը: Հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը Լուսաիլի Ազգային մարզադաշտում։
Ավելի վաղ արգենտինացիները հաղթել են 1978 և 1986 թվականներին։ Ֆրանսիացիներն աշխարհի չեմպիոն են դարձել 1998 և 2018 թվականներին։ Տիտղոսների քանակով ռեկորդակիրը Բրազիլիայի հավաքականն է (հինգ անգամ), չորս անգամ հաղթել են իտալացիներն ու գերմանացիները, երկու անգամ չեմպիոն են դարձել ուրուգվայցիները, մեկական անգամ՝ անգլիացիներն ու իսպանացիները։