Դեկտեմբերի 21-ին կայանալու է «Տարվա 10 լավագույն մարզիկների» քվեարկությունը, որի ընդլայնված ցուցակում ընդգրկված են նաև 4 բռնցքամարտիկներ: Իրականում մեր բոլոր բռնցքամարտիկներն էլ արժանի են հայտնվել 10-ը լավագույնի ցանկում: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հովհաննես Բաչկովը Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում իր բոլոր մրցակիցներին հաղթելով մեծ առավելությամբ՝ ևս մեկ անգամ հաստատեց, որ իր քաշային կարգում աշխարհի ուժեղագույններից մեկն է:
Անի Հովսեփյանը չեմպիոն դառնալով Եվրոպայի առաջնությունում պատմություն կերտեց ոչ միայն հայկական բռնցքամարտում այլև հայկական սպորտում: Նրա շնորհիվ Հայաստանը առաջին անգամ չեմպիոն ունեցավ բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում:
Ռաֆայել Հովհաննիսյանը Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում իսկական հայտնություն էր: Նա հաղթեց իր քաշային կարգի բոլոր ֆավորիտներին, այդ թովում առաջին համարին ու եզրափակիչում էլ շատ մոտ էր հաղթանակի, բայց այս անգամ բավարարվեց արծաթով:
Արթուր Բազեյանը նույնպես Եվրոպայի առաջնությունում ֆանտաստիկ ճանապարհ անցավ՝ այդ թվում հաղթելով թուրք մրցակիցին: Նրան ընդամենը մեկ քայլ չբավարարեց ոսկի նվաճելու համար, բայց վստահ կարող ենք ասել, որ Բազեյանը հայկական բռնցքամարտի ոսկե հույսերից մեկն է ոչ միայն Եվրոպայի առաջնությունում, այլև աշխարհի առաջնությունում և օլիմպիական խաղերում: