Երևանի «Դինամո» մարզահամալիրում անցկացվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին ավելի քան 80 ըմբիշ է մասնակցել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
10 քաշային կարգերում Հայաստանի 2022 թվականի չեմպիոններ են հռչակվել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։
Հայաստանի առաջնությունից ազատված էին Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը: Կարապետ Չալյանը վնասվածքի պատճառով բաց է թողել առաջնությունը, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը վատառողջ լինելու պատճառով չի ներկայացել եզրափակիչ գոտեմարտին։
Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը հունվարի առաջին տասնօրյակում ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում։ Մ23 տարեկանների և մեծահասակների Եվրոպայի առաջնություններից առաջ հունահռոմեական ոճի ըմբիշները ևս երկու ուսումնամարզական հավաք կանցկացնեն։