Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի հեռանկարները Եվրոպայի 2024թ.-ի առաջնության ընտրական փուլում:
«Արդյունքը շատ կարևոր է ցանկացած թիմի համար, բայց չպետք է մոռանալ, որ Հայաստանի հավաքականում վերջին շրջանում շատ երիտասարդներ են հայտնվում։ Կարևոր է, որ նրանք ավելի արագ անցնեն դժվարություններն և կուտակեն փորձ։ Եթե երիտասարդ սերնդի կայացման գործընթացը համաժամանակյա անցնի արդյունքի հետ, ապա դա, ընդհանուր առմամբ, հիանալի կլինի, ինչպես հեքիաթում: Մեր համար այժմ հիմնական խնդիրը ժամանակակից ֆուտբոլին հարմարվելն է», – ասել է Բերեզովսկին։
Նա նշել է, որ Հայաստանը խմբի ֆավորիտը չէ, որում ընդգրկվել են ավելի հայտնի և փորձառու հավաքականներ:
«Քանի դեռ մրցաշարը չի սկսվել, ֆավորիտներ չկան։ Ինչպես կմեկնարկեն խաղերը, տեղի կունենան երեք-չորս հանդիպում, այդ ժամանակ կլինեն և ֆավորիտներ, և հետնապահներ։ Մենք հո բուքմեյքերներ չենք, որ շանսերը գնահատենք», – ասել է Բերեզովսկին։
Հոկտեմբերի 9-ին Ֆրանկֆուրտում (Գերմանիա) տեղի ունեցավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի հավաքականն ընդգրկվեց D խմբում և կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ: Հայաստանի մասնակցությամբ խաղերի ժամանակացույցը հետևյալն է:
25.03.2023 Հայաստան-Թուրքիա
16.06.2023 Ուելս-Հայաստան
19.06.2023 Հայաստան-Լատվիա
08.09.2023 Թուրքիա-Հայաստան
11.09.2023 Հայաստան-Խորվաթիա
12.10.2023 Լատվիա-Հայաստան
18.11.2023 Հայաստան-Ուելս
21.11.2023 Խորվաթիա-Հայաստան.
Բերեզովսկին մարզչի կարիերան սկսել է 2020 թվականի հուլիսին՝ դառնալով Հայաստանի հավաքականի դարպասապահների հետ աշխատանքի մասնագետ։ 2022 թվականի նոյեմբերի 8-ին իսպանացի Խոակին Կապարոսի հեռանալուց հետո նախկին դարպասապահը նշանակվել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար։