Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ ՀԱՕԿ-ն այս տարի այս տարի որոշել է հրաժարվել ճոխ տոնական միջոցառումներից և մարզիկների պարգևատրումները կատարել առավել զուսպ պայմաններում։ Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Այս որոշումը կայացրել ենք մարզաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ խորհրդակցությունների արդյունքում։ Վստահ ենք, որ որոշումը ճիշտ կընկալվի մարզաշխարհի, մարզասերների և հանրության կողմից։
Մենք համոզված ենք, որ հաղթանակների, մարզական և ազգային արժանապատվության մեր լավագույն օրերը առջևում են, և առաջիկայում կունենանք նորանոր առիթներ՝ մեծ շուքով նշելու մեր հաղթանակները»,- ասվում է ՀԱՕԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է նար, որ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում պատանեկան և երիտասարդական հավաքականների ներկայացուցիչները կստանան արժանի վաստակին համապատասխան խոշոր դրամական պարգևներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտնի են Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2022 թվականի մրցույթի հաղթողները։