Հաշված ժամեր են մնացել 2022-ի թվականի ավարտին։ Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը Armenia Today-ի հետ զրույցում գնահատեց անցնող տարին։
«Մարզական տեսանկյունից՝ տարին կգնահատեմ ինձ համար շատ լավ, որովհետև բարձրացրել եմ Հայաստանի դրոշը, հնչել է Հայաստանի օրհներգը»,- ասաց չեմպիոնը։
Նրա խոսքով՝ պատերազմների միջով անցած հայ ժողովուրդը խաղաղության և երջանիկ լինելու իրավունք ունի։
«Կմաղթեմ, որ 2023-ը թվականը լինի խաղաղ, ուրախ տարի։ Պատերազմների միջով անցած ազգ ենք, տանջված ազգ ենք, թող բոլորն առողջ լինեն և երջանիկ։ Ես էլ որքանով կարողանամ՝ կուրախացնեմ իմ հաղթանակներով»,- նշեց մարզիկը։
Նա հավելեց․ «Իմ հաղթանակները նվիրում եմ հայ ազգի հերոսներին, նրանց մայրերին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Էրիկ Իսրայելյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։
Armenia Today-ի հետ զրույցում մարզիկը դժգոհություն էր հայտնել մարզաձևի պատասխանատուներից՝ անուշադրության, չգնահատված լինելու և իր հաղթանակներին ըստ արժանվույն չարձագանքելու համար։