Իրանցի ֆուտբոլիստ Ամիր Նասր-Ազադանին 26 տարվա ազատազրկման է դատապարտվել ցույցերին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ըստ աղբյուրի տեղեկությունների, Նասր-Ազադանին դատապարտվել է երեք տարբեր մեղադրանքներով։ Նա ներգրավված է եղել նոյեմբերի 16-ին Սպահան նահանգում անվտանգության ուժերի երեք անդամների մահվան պատճառ դարձած միջադեպում:
Խաղացողը նաև մեղավոր է ճանաչվել «մոհարեբային» («Ամենակարողին թշնամական» գործունեություն, որը կառավարությունը մեկնաբանում է որպես հանցավոր արարք՝ օգտագործելով մահաբեր զենք այլ անհատների կամ ամբողջ հասարակության դեմ) օժանդակելու մեջ:
Դեկտեմբերին լրատվամիջոցները հայտնել էին, որ ֆուտբոլիստին մահապատիժ է սպառնում, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, շնորհավորելով Արգենտինայի հավաքականին Կատարում աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ, ուշադրություն էր հրավիրել ստեղծված իրավիճակի վրա։
Դրանից հետո Կոլումբիայում Իրանի դեսպանատունը հերքել էր մահապատժի վերաբերյալ տեղեկությունը՝ ասելով, որ դատավարությունը դեռ չի կայացել։ 26-ամյա Նասր-Ազադանին ամառվանից առանց ակումբի է, նրա վերջին թիմը եղել է իրանական «Իրանջավանը»։