Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան նամակ է հղել Թենիսի միջազգային ֆեդերացիա՝ հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովի դեմ, որն Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ փուլ դուրս գալուց հետո հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության «Մեծ սաղավարտի» մրցաշարում հայազգի Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը, որը հունվարի 20-ին տղամարդկանց պայքարում հասել է 1/16 եզրափակիչ, «տհաճ արարքով» ուշադրություն է գրավել։ Ամերիկացի մրցակից Ֆրենսիս Տիաֆոյին 3:1 հաշվով հաղթելուց հետո Խաչանովը տեսախցիկի օբյեկտիվին գրել է «Արցախ, ամուր մնա» բառերը։ Փաստորեն, թենիսիստների շրջանում ընդունված է իրենց սրտաբուխ խոսքերը գրել տեսախցիկի օբյեկտիվի վրա, սակայն Խաչանովն այս ավանդույթն օգտագործել է սադրիչ նպատակներով»,- ասվում է Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի նամակում։
Ֆեդերացիան, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դատապարտել է Խաչանովի արարքը և պահանջել պատիժ թենիսիստին, ինչպես նաև խիստ միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման գործողությունները կանխելու համար։ «Հուսով ենք, որ շուտով խնդիրը կգտնի օբյեկտիվ լուծում»,- նշել են նրանք։
Հիշեցնենք, որ ամերիկացի ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո (6:3, 6:4, 3:6, 7:6 (11:9) ) թենիսիստների համար ավանդական բառերի փոխարեն խաղի արդյունքների մասին զգացմունքների մասին Խաչանովը գրել էր «Artsakh, stay strong» («Արցախ, դիմացի՛ր»):
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: