Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանշային աղյուսակում բարձրացել է 13-րդ տեղ, հայտնի է դառնում հրապարակված վարկանիշից։ Խաչանովի դիրքը բարելավվել է 7 կետով։
Նա իր կարիերայի ընթացքում առաջին անգամ հասել է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, սակայն պարտվել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին (3-րդ տեղը ATP-ի ընթացիկ վարկանիշում)։
Սերբ Նովակ Ջոկովիչը դարձել է աշխարհի թիվ մեկ ռակետը, ով 10-րդ անգամ նվաճել է Ավստրալիայի բաց առաջնության հաղթողի կոչումը։ Երկրորդ տեղում իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասն է։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը Australian Open-ի չորրորդ շրջան դուրս գալուց հետո հանդես էր եկել ի պաշտպանություն Արցախի՝ տեսախցիկին գրելով «Արցախ, դիմացի՛ր»։
Դրանից հետո Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան նամակ էր հղել թենիսի միջազգային ֆեդերացիային՝ բողոքելով թենիսիստից։ Կարեն Խաչանովն Australian Open-ի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո կրկին աջակցել էր Արցախին՝ այս անգամ գրելով «Շարունակի՛ր հավատալ մինչև վերջ։ Արցա՛խ, դիմացի՛ր»: