Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Մրցումների մեկնարկային օրը ռինգ է դուրս եկել 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, որի մրցակիցը Նորվեգիան ներկայացնող Սայեդ Կազեմինն էր:
Հայ բռնցքամարտիկը առաջին երկու ռաունդներում շատ լավ է աշխատել ու միավորների մեծ պաշար հավաքել: 3-րդ ռաունդում մրցակիցը փոքր-ինչ ակտիվ է եղել, ինչը, ֆեդերացիայի փոխանցմամբ, մենամարտի ելքի վրա չի ազդել։ Բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին:
Հիշեցնենք, որ Ստրանջայի մրցաշարին այս տարի մասնակցում է 38 երկրի մոտ 250 բռնցքամարտիկ: Հայաստանը ներկայացված է 12 մարզիկով: