Հայ գեղասահորդուհի Սոֆի Կարապետյանը դարձել է Նիդերլանդներում ընթացող Challenge Cup 2023 միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան։
«Կարապետյանը տարբեր երկրների 15 պատանի գեղասահորդների պայքարում զբաղեցրել է երրորդ տեղը»,- ասվում է հայտարարությունում։
Հունվարի վերջին հայ մարզիկներն ամերիկյան Լեյք Փլեյսիդ քաղաքում մասնակցել էին Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերին։ Մրցաշարի շրջանակներում գեղասահքի մրցումներում Վիկտորյա Ազրոյան-Արթուր Գրուզդև պարային զույգը զբաղեցրել էր 13-րդ տեղը։ Մենասահորդ Մարինա Ասոյանը կարճ ծրագրից հետո զբաղեցրել էր 30-րդ տեղը և դուրս մնացել ազատ ծրագրում հադես եկող 24 մարզիկների շարքից։