Հայաստանի քաղաքացիություն ստացած բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը մարտի 3-ին Երևանում հաղթել է ամերիկացի Մայք Բալոգունին, հայտնում է Championship.com-ը։
Գասիևը երկրորդ ռաունդում նոկաուտով վստահ հաղթանակով է ավարտել մենամարտը և նվաճել ծանր քաշային կարգում WBA Inter-Continental չեմպիոնական գոտին։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Գասիևը տարել է 30 հաղթանակ (որոնցից 23-ը նոկաուտով) և մեկ պարտություն։ Բալոգունի համար սա առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ ռինգում, մինչ այդ ամերիկացին ունեցել է 20 հաղթանակ (15-ը նոկաուտով)։
Գասիևը Հայաստանի քաղաքացիություն է ստացել մարտի 1-ին։ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը բռնցքամարտիկի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Գասիևը կմենամարտի որպես Հայաստանի ներկայացուցիչ։ Բռնցքամարտիկն, իր հերթին, հաստատել է ապագայում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու հնարավորությունը։ Գասիևը նաև ընդգծել է, որ մտադիր է պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։
Վլադիկավկազում ծնված Գասիևը հանդես է գալիս առաջին ծանր և ծանր քաշային կարգերում։ 2021 թվականին նա պրոֆեսիոնալների շրջանում նվաճել է Ասիայի չեմպիոնի կոչումը WBA Asia-ի վարկածով, 2022 թվականին՝ Եվրասիայի չեմպիոն ըստ EBP-ի։ Նա նաև ծանր քաշային կարգում WBA (2018) և IBF (2016-2018) աշխարհի նախկին չեմպիոն է։