Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանում կմասնակցի ավելի քան 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ պատվիրակությունների ընդհանուր թիվը կգերազանցի 1000-ը, ինչը աննախադեպ մեծ թիվ է:
«Մարտի 17-ին Հյուսիսային պողոտայում կտեղադրվի առաջնության հետհաշվարկի ժամացույցը: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, ինչը մեծացնում է հետաքրքրությունը այս մրցաշարի նկատմամբ»,- ասաց նա:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը Հայաստանում անցկացնելը անվանեց «պատմական արդարության վերականգում»:
«40 տարի առաջ մարզահամերգային համալիրը պետք է բացվեր, և այստեղ պետք է անցկացվեր ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունը: Մենք հիմա` 40 տարի անց, մարզահամերգային համալիրին վերադարձնում ենք իր պատմական առաքելությունը, այն ինչի համար կառուցվել է, անցկացվելու է»,- ասաց Գիլոյանը:
Փոխնախարարի խոսքով` Հայաստանը պետք է ընդունի ծանրամարտի մրցաշարեր, քանի որ Հայաստանի հավաքականը լավագույններից մեկն է աշխարհում և այս մրցաշարին էլ չի մասնակցելու պարզապես մասնակցության համար:
Գիլոյանը նաև նժեց, որ աննախադեպ բացման արարողություն է նախապատրաստվել, ծանրամարտի աշխարհը էսքիզներով տեղեկացվել է դրա մասին ու ասել են, այսպիսի բան չեն տեսել, ասում են՝ նոր չափորոշիչ եք սահմանել, նոր ուղենիշ գծել:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: