Առաջին իսկ օրվանից, ինչ ժամանել եմ Հայաստան, փորձել եմ անձամբ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
«Սկզբում չստացվեց կապ հաստատել Հենրիխի հետ, հետո, հետաքրքրվեցի նրա մասին «Շախտյորի» իր նախկին խաղընկերներից, հետո տարբեր աղբյուրներից ինձ ասացին, որ Մխիթարյանը չի ուզում վերանայել և հավատարիմ է մնալու իր որոշմանը՝ ավարտել ելույթներն ազգային հավաքականում»,- պարզաբանել է Պետրակովը։
Նա մանրամասնել է, որ խնդրել է նաև իր օգնականին՝ Ռոման Բերեզովսկուն, որը Հենրիխի հետ խաղացել է երկար տարիներ, կապվել նրա հետ և փորձել հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի, բայց Մխիթարյանը Բերեզովսկուն նույնպես ասել է, որ կայացրել է իր որոշումը և չի պատրաստվում վերափոխել այն։
«Կարծում եմ՝ մենք բոլորս պետք է հարգենք Մխիթարյանի որոշումը, որովհետև նա Հայաստանի համար եզակի ֆուտբոլիստ է, շատ բարեխիղճ։ Անձամբ չեմ ճանաչում Հենրիխին, սակայն բոլոր մարդկանց կարծիքները հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ նա շատ լավ մարդ է և շատ լավ ֆուտբոլիստ»,- հավելել է մարզիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կհանդիպի Թուրքիայի ընտրանու հետ։ Այնուհետ մարտի 28-ին Հայաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։ Սակայն այս հանդիպումը կանցկացվի ընկերական խաղերի շրջանակներում։
65-ամյա Պետրակովը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել հունվարի 17-ին, մինչ այդ նա մեկ տարուց ավելի գլխավորել է Ուկրաինայի հավաքականը: Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, որի կազմում անցկացրել է 88 հանդիպում, խփել է 30 գնդակ և կատարել 25 գոլային փոխանցում: Նա Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարել է 2022 թվականի մարտին՝ պարզաբանելով, որ «թիմին տվել է այն ամենը, ինչ կարող էր և այժմ կենտրոնացած է ակումբային կարիերայի վրա»։