Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 7-րդ խաղափուլը, որտեղ Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստուհիներ հաղթանակ են գրանցել: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Սուսաննա Գաբոյանը հաղթել է աշխարհի 10-րդ չեմպիոնուհուն՝ Անտոանետա Ստեֆանովային: Հաղթանակ է տարել նաև Աննա Սարգսյանը:
Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Լիլիթ Մկրտչյանի, Էլինա Դանիելյանի, Մարիամ Մկրտչյանի և Պոլինա Կոբակի խաղերը ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը 7 հնարավորից վաստակել են 5 միավոր:
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մարտի 17-ին մեկնարկել է Եվրոպայի կանանց առաջնությունը: Այն կավարտվի մարտի 30-ին: Մասնակցում են 35 երկրների 140 շախմատիստներ։ Հայաստանը առաջնությունում ներկայացված է 6 շախմատիստով։