Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ երկամարտի 275 կգ (128+147) արդյունքով գրավելով առաջին հորիզոնականը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Պոկում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը գլխավերևում պահել է 128 կգ կշռող ծանրաձողը և փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր բրոնզե մեդալին` 147 կգ արդյունքով:
Այս քաշային կարգում արծաթե մեդալին արժանացել է Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Ալ Մարզուքին, որին Բարսեղյանը երկամարտում գերազանցել է 5 կգ արդյունքով: Բրոնզե մեդալակիր է դարձել Հնդկաստանի ներկայացուցիչ Բարալի Բեդաբրատը (267 կգ)։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Ժորա Գրիգորյանը (61 կգ), Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ է մտել Ժորա Գրիգորյանը և երկամարտի 237 կգ (105+132) արդյունքով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։
Կանանց հավաքականի կազմում Ալբանիայում ընթացող աշխարհի առաջնությանը կմասնակցեն Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):