Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը ստացել է սպորտային արդյունքների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարգևատրումները, ամենամսյա թոշակն ու նպաստը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 1 տարի շարունակ, բռնցքամարտիկը 2021 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերելու համար ստացել է անվանական թոշակ՝ ամսական 120 հազար դրամի չափով: 2022 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ «Փարիզ 2024» Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար ստացել է ամսական 150 հազար դրամ նպաստ, իսկ դեկտեմբերից՝ արդեն որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, Իսրայելյանին հասանելիք ամսական նպաստի չափը կազմել է 200 հազար դրամ: 2022 թվականի դեկտեմբերին բռնցքամարտիկը միանվագ 800 հազար դրամ տարեվերջյան պարգևատրում է ստացել՝ որպես երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող, ևս 1,5 մլն դրամ միանվագ աջակցություն ստացել է՝ որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնում են, որ բռնցքամարտիկի՝ միայն ԿԳՄՍՆ կողմից հատկացված պետական վճարները 2022 թվականի հունվարից առ այսօր կազմել են 5 մլն 720 հազար դրամ:
Բացի այդ, մարզիկին հատկացվող նպաստը 2023 թվականի հունվարի 1-ից կազմում է ամսական 200 հազար դրամ, իսկ անվանական թոշակի չափը՝ ամսական 240 հազար դրամ /վերը նշված գումարները ներկայացված են՝ չներառելով հարկերը և տուրքերը/, հայտնում են նախարարությունից:
Նշվում է նաև, որ ՀՀ կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը մարզական արդյունքների համար բնակարանների հատկացման ծրագիր չեն իրականացնում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելյանը Facebook-յան իր էջում հայտնել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և կմենամարտի այլ երկրի դրոշի ներքո
Armenia Today-ը կապ էր հաստատել մարզիկի հետ՝ պարզելու նրա դժգոհության պատճառները։ «Բոլոր մարզիկներին օդանավակայանում դիմավորում են, ինձ` ոչ, մինչ այսօր ո’չ բռնցքամարտի ֆեդերացիայից, ո’չ այլ կառույցից զանգ չեմ ստացել: Ես ամեն բան արել եմ իմ հայ ժողովրդի համար, նրանց ուրախացնելու համար»,- ասել էր Իսրայելյանը: