Հայաստանի ծանրամարտի հավաքականը 3 մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում։
Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտի 275 կգ (128+147) արդյունքով գրավելով առաջին հորիզոնականը:
Նարեկ Մկրտչյանը (73 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել։ Նա երրորդ տեղն է գրավել հրում վարժությունում՝ գրանցած 158 կգ արդյունքով: Հայ ծանրորդը երկամարտի 281 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում ևս նա 5-րդ տեղն է գրավել՝ 123 կգ արդյունքով:
89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանն էլ նվաճել է երկամարտի բրոնզե մեդալը՝ 306 կգ արդյունքով։
Այս պահին Հայաստանի հավաքականը վարկանիշային աղյուսակում 6-րդ տեղն է զբաղեցնում։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Ժորա Գրիգորյանը (61 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ է մտել Ժորա Գրիգորյանը և երկամարտի 237 կգ (105+132) արդյունքով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։
Կանանց հավաքականի կազմում Ալբանիայում ընթացող աշխարհի առաջնությանը կմասնակցեն Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):