Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին օգուտ կբերի արտամրցաշրջանային ժամանակահատվածում ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելը: Спорт-Экспресс-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 27 հանդիպման, խփել է 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում:
«Նա 22 տարեկան է, շատերն ասում էին, որ արդեն ձմռանը հեռանալու ժամանակն էր, բայց կարծում եմ, որ նա ճիշտ արեց՝ որոշելով այս մրցաշրջանն ավարտել «Կրասնոդարում»», – ասել է Բայրամյանը: – Առաջնության վերսկսումից հետո նա և՛ գոլային փոխանցում է կատարում, և՛ կայուն կերպով դուրս է գալիս խաղադաշտ, ամեն ինչ կարգին է: Մնացել է տասը տուր, տա՛ Աստված, որ նույնքան որակով և առանց վնասվածքների խաղա։ Իսկ հետո որոշել, իհարկե, նրա համար, բայց իմ կարծիքն այն է, որ եթե հետաքրքրություն կա, ապա ամռանը նա պետք է հեռանա և փորձի իրեն ավելի ուժեղ առաջնությունում»։
Ընդհանուր առմամբ Սպերցյանը «Կրասնոդարի» առաջին թիմի կազմում անցկացրել է 61 հանդիպում, խփել 19 գնդակ և կատարել 14 արդյունավետ փոխանցում: Կիսապաշտպանը Հայաստանի հավաքականի կազմում 15 անգամ է խաղադաշտ դուրս եկել, ազգային թիմի կազմում 3 գոլ է խփել: