Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է թիմային առաջին հորիզոնականը: Հայ պատանի ծանրորդները 6 մեդալ են նվաճել երկամարտում, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Աղջիկների պայքարում երկամարտում երրորդ լավագույն արդյունքը ցույց են տվել Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):
73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը (73 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում: Մկրտչյանը երրորդ տեղն է գրավել հրում վարժությունում՝ գրանցած 158 կգ արդյունքով:
Հայաստանի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի գլխավորությամբ:
Հարություն Եղոյանի խոսքով՝ ծանրորդների ցույց տված արդյունքները պատմական են և աննախադեպ. «Հայկական ծանրամարտի պատմության մեջ սա, իսկապես, նախադեպը չունեցող իրադարձություն է: Ներկայացված էինք գրեթե բոլոր քաշային կարգերում։ Սա մարզիչների ու մարզիկների տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է»:
Մարզիչը նաև հավելել է, որ այսպիսի կազմով առաջին անգամ էին նմանօրինակ խոշոր մրցաշարի մասնակցում: