Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ադրբեջանական պատվիրակությունը արդեն Հայաատանում է, պատվիրակության կազմում 12 հոգի է։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտնել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հարությունյանը նաև հայտնել է, որ 12-հոգանոց պատվիրակության միայն 4 անդամն է մարզիկ։ Նրա խոսքով՝ բացման արարողությանը մարզիկներ չեն մասնակցելու։
«Մարզիկներն իրենց մարզավիճակը պահելու համար պետք է լրացուցիչ սթրեսային իրավիճակներում չգտնվեն։ Դրոշների արարողակարգն այլ ձև ենք կազմակերպել, այդ բաղադրիչը, կարծում եմ, ամենահետաքրքիրն է լինելու բացման արարողության ժամանակ»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ չէր ցանկանա, որպեսզի հարևան երկրի մասնակցության հետ կապված մեծ աժիոտաժ ստեղծվեր։
«Մարզաշխարհում նույնիսկ հակամարտող երկրների թիմերին ընդունելը սովորական միջոցառում է՝ սովորական մրցաշարի շրջանակներում։ Ինչպես Հայաստանը, Խորվաթիան, Կոսովոն և մյուս երկրները, Ադրբեջանը ևս Եվրոպական ֆեդերացիայի մի մաս է, իրենք կարող են հայտ ներկայացնել, ներկայացրել են և մասնակցում են»,- ասաց Հարությունյանը։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում նման խոշորամասշտաբ մրցաշար: