Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է, թե որքան գումար է իրեն հարկավոր ամսական կտրվածքով ծախսերի համար, հաղորդում է «Спорт-экспресс»-ը։ 2021 թվականին, պատասխանելով նույն հարցին, ֆուտբոլիստն ասել էր, որ իրեն բավական է 100 հազար ռուբլին։
«Չկա որոշակի գումար, որն անհրաժեշտ է մեկ ամսվա կտրվածքով։ Ինչ-որ բան ընտանիքի համար, ինչ-որ բան ինչ-որ տեղ ծախսում կամ խնայում ես: Կոնկրետ գումարւ չափ չկա։ Երբ գումար շատ կա, ծախսերն ավելի շատ են։ Կարծում եմ՝ դա լավ է: Հարյուր հազարն արդեն չի բավականացնում, արդեն ունեմ հիփոթեք»,- Զախարյանի խոսքերն է մեջբերում կայքը։
Փետրվարի 15-ին ֆուտբոլիստը հայտարարել էր թուրքական «Գալաթասարայ» տեղափոխվելուց հրաժարվելու մասին։ «Գալաթասարայը» դիմել էր «Դինամոյին» կիսապաշտպանին գնելու առաջարկով, սակայն Արսենը չէր ցանկացել տեղափոխվել Թուրքիա և հրաժարվել էր բանակցություններից։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը 19 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Դինամոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։