Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը, ինչպես նաև ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ադրբեջանցի ծանրորդները վերադառնում են Երևանից և չեն մասնակցի ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից այրվել է Ադրբեջանի դրոշը։ Այս պայմաններում ապահովված չէ մեր մարզիկների անվտանգությունը, մրցումներին բնականոն մասնակցությունն անհնար է հոգեբանական ճնշման պատճառով։
Այս ամենը հաշվի առնելով՝ որոշվել է ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,- ասված է հայտարարության մեջ։
Նիկոլյանն ապրիլի 14-ին Երևանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը՝ խլելով այն դրոշակակրի ձեռքից։ Դրանից հետո Նիկոլյանը բերման էր ենթարկվել Երևանի Մալաթիայի ոստիկանության բաժին։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր դիզայների ազատ արձակման մասին։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 15-23-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ Armenia Today-ին հայտնել էր, որ մրցաշարին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ադրբեջանական պատվիրակությունը՝ բաղկացած 12 հոգուց, որոնցից 4-ը մարզիկներ են։