Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան (EWF) դատապարտել է Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշի հրկիզումը:
«EWF – ն այս չափազանց լուրջ և ափսոսանքի արժանի ժեստը համարում է ոտնձգություն սպորտային արժեքների անձեռնմխելիության և Fair Play – ի համընդհանուր սկզբունքների նկատմամբ», – ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ:
Նշվում է, որ EWF-ն «անմիջապես արձագանքել է այս միջադեպին՝ իր հաստատուն դիրքորոշումը հայտնելով առաջնության կազմկոմիտեին և խնդրելով լրացուցիչ անվտանգության երաշխիքներ մրցույթի բոլոր մասնակիցների համար»:
EWF-ի ներկայացուցիչներն, ըստ հայտարարության, մշտապես գտնվել են Ադրբեջանի պատվիրակության հետ՝ «իրենց լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով մարզիկներին, մարզիչներին և պաշտոնյաներին»:
Նշվում է, որ ֆեդերացիայի ներկայացուցիչներն անմիջական մասնակցություն են ունեցել պատվիրակության անվտանգության ապահովմանը մինչև Հայաստանից մեկնելը: EWF-ն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի պատվիրակությունը ստիպված է եղել լքել մրցաշարը՝ նշելով, որ հարգում է այդ որոշումը:
Միևնույն ժամանակ EWF-ը հայտարարել է, որ այս միջադեպը եզակի է համարում և հետևելու է կազմկոմիտեից շտապ պահանջվող լրացուցիչ միջոցառումների իրականացմանը:
«EWF-ն տեղյակ է մնում տեղի ունեցածի մասին և կքննարկի տեղի ունեցածի համատեքստում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։ EWF – ի ղեկավարությունը կմասնակցի առաջնության շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումներին մինչև պատվիրակությունների մեկնումը, որպեսզի ապահովվի թիմերի անվտանգության բոլոր պայմանների կատարումը», – ասվում է նաև հայտարարության մեջ:
Արամ Նիկոլյանն ապրիլի 14-ին Երևանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը՝ խլելով այն դրոշակակրի ձեռքից։ Դրանից հետո Նիկոլյանը բերման էր ենթարկվել Երևանի Մալաթիայի ոստիկանության բաժին։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր դիզայների ազատ արձակման մասին։
Այսօր նաև հայտնի դարձավ, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը և վերադառնում են Բաքու՝ հոգեբանական ճնշման պատճառով։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 15-23-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ Armenia Today-ին հայտնել էր, որ մրցաշարին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ադրբեջանական պատվիրակությունը՝ բաղկացած 12 հոգուց, որոնցից 4-ը մարզիկներ են։