Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը (55 կգ) գլխավերևում պահեց 87 կգ կշռող ծանրաձողն ու արժանացավ փոքր բրոնզե մեդալին: Այս մասին գրում է Armsport.am-ը:
Այս վարժությունում փոքր ոսկե մեդալին է արժանացել ուկրաինացի Սվետլանա Սամուլյակը, իսկ փոքր արծաթը նվաճել է ռումինացի Անդրեա Կոնտրուտան:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երեք մոտեցումներից երկուսը` գլխավերևում պահելով 80 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժության վերջնարդյունքում նա զբաղեցրել է 7–րդ հորիզոնականը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 15-23-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ Armenia Today-ին հայտնել էր, որ մրցաշարին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ադրբեջանական պատվիրակությունը՝ բաղկացած 12 հոգուց, որոնցից 4-ը մարզիկներ են։
Ոճաբան Արամ Նիկոլյանն ապրիլի 14-ին Երևանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը՝ խլելով այն դրոշակակրի ձեռքից։ Դրանից հետո Նիկոլյանը բերման էր ենթարկվել Երևանի Մալաթիայի ոստիկանության բաժին։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր դիզայների ազատ արձակման մասին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը և վերադառնում են Բաքու՝ «հոգեբանական ճնշման» պատճառով։