Ռումինացի ծանրորդ Անդրեա Կոտրուտան Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում կորցրել է գիտակցությունը։ Այս մասին հաղորդում է Ria.ru-ն։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 16-ին՝ 55 կգ քաշային կարգի մրցումների ժամանակ։
«Ես չգիտեմ, թե ինչ է պատահել։ Ես տեսա հրեշտակների, տեսա մարդկանց, ովքեր թռչում էին դահլիճով և ընկա: Բայց ես ինքս ինձ ասացի, որ չեմ հանդուրժի անհաջողությունը և կկատարեմ այդ վերելքը»,-մարզուհու խոսքը մեջբերում է պարբերականը։
Չնայած հրում վարժության երկրորդ փորձի ժամանակ ուշագնացությանը, 19-ամյա մարզուհին Եվրոպայի չեմպիոն է դարձել: Ռումինուհին կարողացել է ոտքի կանգնել, գնացել հատուկ սենյակ, ջուր է խմել։ Մարզիչը նրան ուշքի է բերել, և աղջիկը կարողացել է 110 կգ քաշով ծանրաձողը բարձրացնել՝ նվաճելով ոսկե մեդալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 16-ին կայացած մրցաշարում գիտակցությունը կորցրել է մինչև 49 կգ քաշային կարգում հանդես եկող թուրք մարզուհի Բայավ Պելինսուն։ Նա ուշագնաց էր եղել ծանրաձողին մոտենալու ժամանակ։ Մարզուհուն անհրաժեշտ էր եղել բժիշկների օգնությունը։ Իսկ Հայաստանը ներկայացնող Իզաբելլա Յայլյանը (55 կգ) բրոնզե մեդալ է նվաճել ԵԱ-ում:
Յայլյանը ապրիլի 16-ին երկամարտի 196 կգ (87+106 կգ) արդյունքով դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր: Պոկում և հրում վարժություններում նա փոքր բրոնզե մեդալներ է նվաճել՝ բարձրացնելով համապատասխանաբար 87 և 109 կգ քաշային ծանրաձողերը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Երևանում՝ ապրիլի 15-23-ը: