Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հերքել է ռուս մարմնամարզիկ Արթուր Դալալոյանի սպորտային քաղաքացիությունը փոխելու առաջարկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Երեկ մամուլում տեսա, որ իբր Դալալոյանին առաջարկել են ընդունել ՀՀ քաղաքացիություն։ Որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և ֆեդերացիայի ներկայացուցիչ՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից մարզիկին առաջարկներ չեն արվել։ Մեր Ազգային օլիմպիական կոմիտեն, իմ տեղեկություններով, նույնպես չի դիմել Արթուրին»,- ասել է Սերոբյանը։
Ռուսաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն ապրիլի 17-ին հայտնել էր, որ ռուս մարմնամարզիկ Դալալոյանին առաջարկվել է միանալ Հայաստանի հավաքականին։
«Դա առաջարկվել է ոչ մեր, ոչ ֆեդերացիայի, ոչ նախարարության միջոցով: Դա առաջարկվել է անձամբ մարզիկին։ Այն, որ նրանց մերժել են, միանգամայն բնական և տրամաբանական է»,- պարզաբանել է Ռոդիոնենկոն:
Նա հավելել է, որ այլ առաջարկներ ոչ մի մարզիկի մասով չեն ստացել։ «Ակնկալվում է, որ կառաջարկեն։ Բայց այստեղ ոչ ոք չի ցանկանում տեղափոխվել այլ հավաքականներ, դա կարող եմ ձեզ բացարձակ վստահությամբ ասել: Նման փոփոխություններ չեն նախատեսվում»,- վստահեցրել է նա:
Հայազգի մարզիկը մարմնամարզությամբ սկսել է զբաղվել Նովոսիբիրսկում՝ վեց տարեկանից։ Դալալոյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարի հաղթող է, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն, արժանացել է Տոկիոյի խաղերի բարձրագույն մրցանակին: