Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 12:1 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նայիմի նկատմամբ, հայտնում են ԿԳՄՍ մամուլի ծառայությունից։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ 61 կգ քաշայինների կիսաեզրափակչում 10։0 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի նկատմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):
Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Ազատ ոճայիններից հետո մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):