Առանձին գործիքների աշխարհի գավաթի չորրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 25-30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որին Հայաստանը կներկայացնի 4 մարմնամարզիկ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Կահիրե կմեկնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը։ Մարզիչներ՝ Հայկ Նազարյան
և Աշոտ Գասպարյան։ Մրցավար՝ Հակոբ Սերոբյան։
Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության 2021 թվականի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը Թուրքիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում կրկին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: