Ծանրամարտի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հարցը ադրբեջանական դրոշի այրման հետ կապված միջադեպից հետո բարդացել է։ Armenia Today-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի որոշմանը, ըստ որի՝ իրենց դրոշն այրած ոճաբան, դիզայներ Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, Գիլոյանը նշեց, որ տեղյակ չէ որոշումից։
«Այդուհանդերձ այն, որ մեր պետությունը դատապարտում է այդ արաքը, փաստ է: Օրենքով սահմանված կարգով համապատասխան ինչ-որ բան կկիրառվի»,- անդրադառնալով Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշն այրելուն` շեշտեց Գիլոյանը:
Հարցին, թե Ադրբեջանի դրոշն այրելու միջադեպից հետո Հայաստանը որևէ պատժամիջոցի ենթարկվե՞լ է, փոխնախարարը պատասխանեց. «Մենք առայժմ որևէ պատժամիջոցի չենք ենթարկվել, որովհետև Եվրոպայի և միջազգային ֆեդերացիաների հետ աշխատել ենք: Մեր գործընկերներին բացատրել ենք, որ դա չի բխում նաև մեր շահերից ու մենք դա չենք ցանկացել: Իհարկե, բացատրական նամակ է եղել: Խնդրել են բացատրել, մենք էլ բացատրել ենք: Հիմա ամեն ինչ անում ենք, որ մեր հարաբերությունները կարգավորենք»:
Դիտարկմանը, թե նպատակ կար Հայաստանում անցկացնել ծանրամարտի աշխարհի առաջնությունը` Գիլոյանն արձագանքեց. «Մեզ գործնականում տվել էին այդ հնարավորությունը, բայց փաստաթղթավորված չէր: Այս միջադեպից հետո շատ բարդացավ, բայց հիմա ամեն ինչ անում ենք, որ այդ առաջնության իրավունքը կրկին ստանանք»:
Հիշեցնենք, որ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած, ոճաբան, դիզայներ Արամ Նիկոլյանի նկատմամբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այսօր միջազգային հետախուզում է հայտարարել։
Արամ Նիկոլյանն ապրիլի 14-ին Երևանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը՝ խլելով այն դրոշակակրի ձեռքից։ Դրանից հետո Նիկոլյանը բերման էր ենթարկվել Երևանի Մալաթիայի ոստիկանության բաժին։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր դիզայների ազատ արձակման մասին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը և վերադառնում են Բաքու։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 15-ին, կտևի մինչև ապրիլի 23-ը։