Ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում երկամարտի 374 կգ արդյունքով դառնալով արծաթեմեդալակիր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Պոկում վարժությունում հայ ծանրորդը Եվրոպայի ռեկորդ է սահմանել և արժանացել է փոքր ոսկե մեդալին՝ 178 կգ արդյունքով: Նա հաջող է կատարել բոլոր մոտեցումները: Հրում վարժությունում Կարապետյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները և գլխավերևում պահելով 196 կգ կշռող ծանրաձողը՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Այս քաշային կարգում երկամարտի ոսկե մեդալը նվաճել է Բուլղարիայի ներկայացուցիչ 18-ամյա Կառլոս Նազարը՝ 395 կգ արդյունքով սահմանելով աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ: Նազարը ռեկորդակիր է դարձել նաև հրում վարժությունում` ցուցադրած 221 կգ արդյունքով:
Երկամարտի բրոնզե մեդալին արժանացել է Մոլդովայի ներկայացուցիչ Մարին Ռոբուն՝ 364 կգ արդյունքով:
Անդրանիկ Կարապետյանի մրցելույթին հետևել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: