Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը Հայաստանի ներկայացուցիչներն սկսել են տպավորիչ հաղթանակով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը նոկաուտով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Գրիգորի Չերիակովին։ Հայ մարզիկը ձախ ձեռքի հարվածով տապալել է մրցակցին, մրցավարը դադարեցրել է մենամարտը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանը կընդունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կտևի մինչև մայիսի 2-ը։ «Միկա» մարզահամալիրում մեդալների համար կպայքարեն 30-ից ավել երկրի մոտ 300 մարզիկներ։
Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով՝ Հովհաննես Հարությունյան (48 կգ քաշային կարգ), Դավիթ Սաֆարյան (51 կգ), Էրիկ Առուստամյան (54 կգ), Գոռ Ազիզյան (57 կգ), Ոսկան Ոսկանյան (60 կգ), Արթուր Մկրտչյան (63,5 կգ), Յուրա Բաբլումյան (67 կգ), Արման Միսկարյան (71 կգ), Արմեն Պողոսյան (75 կգ), Աղվան Ալեքսանյան (80 կգ), Դավիթ Սիմոնյան (86 կգ), Իշխան Հովսեփյան (92 կգ) և Ալբերտ Հարությունյան (+92 կգ)։