Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հաղթող է ճանաչվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Դավթյանը, հանդես գալով հենացատկի եզրափակչում, հավաքել է 15,166 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ ոսկե մեդալ նվաճելով: Հայ մարմնամարզիկը, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին, երկրորդ տարին անընդմեջ կարողացել է նվաճել նաև բացարձակ հաղթողի կոչումը:
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ դարձել էին մեդալակիրներ:
Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը, հանդես գալով նժույգթափեր վարժության եզրափակչում, հավաքել էր 14.733 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.566 միավորով եզրափակել էր լավագույն եռյակը՝ արժանանալով բրոնզե մեդալի։
Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալը նվաճել էր նաև Արթուր Ավետիսյանը: Օղակների վարժության եզրափակչում նա 14,666 միավոր էր հավաքել և զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Այս վարժության եզրափակչում հանդես էր եկել նաև Արթուր Դավթյանը՝ ցույց տալով 7-րդ արդյունքը:
Մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին մասնակցում էին մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ։ Գավաթի խաղարկությունները վարկանիշային են աշնանը Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որտեղ մարզիկները պայքարելու են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: