Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը. նա պայքարն սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ նոկաուտով հաղթել է Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նույնգեյբոսին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 մարզիկով:
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+կգ):
Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ կունենա։ Ռինգ դուրս կգան 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Հակոբյանը 1/16 եզրափակչում կմենամարտի Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեի հետ, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը նույն փուլում ուժերը կչափի Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքի հետ: Բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը կավարտվի մայիսի 14-ին: