Իտալական «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչի առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է Sports.ru։
«Նա ոչ միայն գոլ էր խփում, այլև «անխիղճ» էր կիսապաշտպանությունում։ Նրա փոխանցումներն աներևակայելի ճշգրիտ էին, իսկ խաղը՝ գերազանց էր»,-նշել է ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խումբը։
Մխիթարյանը 2022 թվականի մարտի 3-ին հայտնել է, որ Հայաստանի հավաքականի կազմում 95 միջազգային խաղերից, լարված աշխատանքից, աննախադեպ վերելքներից ու վայրէջքներից հետո որոշում է կայացրել ավարտել իր կարիերան հավաքականում։ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու, որի կազմում ֆուտբոլիստը խփել է 30 գնդակ և կատարել 25 գոլային փոխանցում: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագը 2022 թվականի հուլիսին հրաժեշտ տվեց «Ռոմային» և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Միլանի «Ինտեր»։