Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը կարող է զրկվել զինծառայությունից տարկետումից, հայտնում է «Հրապարակ» թերթը։
«Կառավարությունը որոշել է ուժը կորցրած ճանաչել 2022թ․ դեկտեմբերի 29-ի որոշումը, համաձայն որի՝ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ Էրիկ Իսրայելյանին, պարտադիր զինծառայության 2022թ․ ձմեռային զորակոչից տարկետում էր տրվել»,- տեղեկացնում է թերթը։
Հրապարակման համաձայն՝ տարկետումը կարող է չեղարկվել այն պատճառով, որ «քաղաքացին ընդգրկված չի եղել Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականում»։
Մարտի 27-ին բռնցքամարտիկը հայտարարել էր, որ մտադիր է հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո։ Նա իր որոշումը բացատրել էր իրավասու մարմինների անտարբերությամբ, որոնք «չեն գնահատում իր հաջողությունը»։ Իսրայելյանի խոսքով՝ մինչ այժմ պետությունը «ոչ մի կերպ շնորհակալություն չի հայտնել» միջազգային ռինգում ունեցած հաջողությունների համար։
Ավելի ուշ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արձագանքել էր բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությանը։ «Բռնցքամարտիկը մյուս մարզիկների հետ ստացել է մարզական նվաճումների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր վճարումները, ինչպես նաև ամսական նպաստները»,- նշել են նախարարությունից։
ԿԳՄՍՆ-ն հավելել է, որ 2022 թվականի հունվարից մինչ օրս Իսրայելյանին միայն նախարարության միջոցով կատարված վճարումները կազմել են 5,7 մլն դրամ (ավելի քան 14 730 դոլար)։