Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։ Մխիթարյանը չի մասնակցի այս հանդիպմանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» խաղում ստացած վնասվածքի պատճառով։
Իտալիայի գավաթի եզրափակիչ «Ինտեր»-«Ֆիորենտինա» հանդիպումը կկայանա մայիսի 24-ին:
Ավելի վաղ Ինձագին Մխիթարյանին անվանել էր «Ինտերի» առանցքային խաղացողներից մեկը՝ թիմի խաղը կառուցելու առումով։ «Նրան կորցնելը կարող է լրջորեն ազդել խաղի վրա»,- ասել է «Ինտերի» գլխավոր մարզիչը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Միլանի» դեմ պատասխան խաղից հետո։
Մայիսի 16-ին Ինտերը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հաղթեց Միլանին (2:0; 1:0) և դուրս եկավ եզրափակիչ։ Հունիսի 10-ին Ստամբուլում կայանալիք եզրափակիչ խաղում «Ինտերը» կխաղա «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողի հետ։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականում ելույթների ավարտի մասին հայտարարեց 2022 թվականի մարտին։ Հայաստանի հավաքականի նոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի փորձերը՝ նրան համոզել վերադառնալ հավաքական, արդյունք չտվեցին։