Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբn արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերից 24 ժամ անց վաճառել է MLS-ի սեզոնի ավարտը բոլոր հանդիպումների բոլոր տոմսերը, այդ թվում՝ արտագնա, հայտնում է AS-ը։
Դեռ հայտնի չէ, թե երբ Մեսսին կնշի իր նորամուտը նոր ակումբում։ MLS-ի կանոնավոր առաջնության ավարտին մնացել է 12 խաղ։ Իսպանական հրատարակությունը նշում է, որ Մեսսիի մտերիմ ընկեր Սերխիո Ագուերոն նրանից տոմս է խնդրել, սակայն չի եղել։ Վերավաճառողների կայքերում տոմսերի արժեքը հասնում է մինչև 3500 դոլարի։
Հունիսի 3-ին Մեսսին վերջին հանդիպումն է անցկացրել «Պարի Սեն Ժերմենի» կազմում՝ խաղադաշտ դուրս գալով «Կլերմոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 38-րդ տուրի խաղում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվել է հունիսին, նա ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։
Մեսսին ՊՍԺ-ին էր միացել 2021 թվականին։ Մինչ այդ հարձակվողն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»: Կատալոնացիները բազմիցս ցանկություն են հայտնել արգենտինացուն վերադարձնել ակումբ, սակայն դա անել նրանց խանգարել են թիմի ֆուտբոլիստների աշխատավարձի շեմի ֆինանսական սահմանափակումները: