Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2024 թվականին չի անցկացվի Հայաստանում։ Որոշումը կայացրել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF), Armenia Today-ի հետ զրույցում ասացին ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
IWF-ն գործադիր կոմիտեի նիստում որոշում է կայացրել 2024 թվականին աշխարհի առաջնությունն անցկացնել Բահրեյնում։
Արգելքը կապված է Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանի՝ դրոշ այրելու գործողության հետ, որի նկատմամբ, սակայն, գործով քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հանցակազմի բացակայությամբ։
Արամ Նիկոլյանն ապրիլի 14-ին Երևանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը՝ խլելով այն դրոշակակրի ձեռքից։ Դրանից հետո Նիկոլյանը բերման էր ենթարկվել Երևանի Մալաթիայի ոստիկանության բաժին։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր դիզայների ազատ արձակման մասին։